Յամալի երկնքում «3 արև» է նկատվել (տեսանյութ)
ՌԴ Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանի երկնքում այսօր առավոտյան «3 արև» է նկատվել, ինչը ցուցադրող տեսանյութը տարածվել է համացանցում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հավելելով, որ այն հազվադեպ երևույթ չէ տվյալ տարածաշրջանի համար:
Ինչպես նշել է հիդրոօդերևութաբանության ու շրջակա միջավայրի մոնիթորինգի շրջանային կենտրոնի ղեկավար Արտյոմ Կոշկինը, արտասովոր բնական երևույթը կոչվում է Հալոյի էֆեկտ: Բնության հազվագյուտ երևույթներից մեկը տեղի է ունենում այն ժամանակ, երբ արևի լույսը բախվում է մթնոլորտում եղած սառույցի անիզոտրոպ բյուրեղիկներին:
«Հալոյի շուրջ մտորելը բարդ է, քանի որ մեզ մոտ Սալեխարդում, օրինակ, այսօր մռայլ եղանակ է: Այս տեսողական երևույթը կապ ունի օդում պարունակվող մասնիկների, բյուրեղիկների, մանր ձյան, խոնավության հետ»,- ասել է նա:
Ըստ նրա՝ օդի ցածր ջերմաստիճանը միշտ չէ, որ դեր է ունենում այս երևույթի առաջացման գործում: