«Չեխիայի իշխանությունների հայտարարությունները մեկնաբանելն անօգուտ է․ դրանք հակասում են իրար»․ Մարիա Զախարովա
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Չեխիայի իշխանությունների հայտարարությունները մեկնաբանելն անօգուտ է, քանի որ դրանք հակասում են իրար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Անօգուտ է այդ հայտարարությունները մեկնաբանել, քանի որ դրանք հակասում են իրար», - Москва 24 հեռուստաալիքի եթերում ասել է Զախարովան և հավելել, որ հակասություններն առկա են թե՛ դիվանագետներին արտաքսելու, թե՛ Մոսկվայի նկատմամաբ հնչեցրած մեղադրանքներում։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ապրիլի 17-ին Չեխիայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Յան Գամաչեկը հայտարարել էր ՌԴ դեսպանության 18 աշխատակցի արտաքսելու որոշման մասին, որոնք, նրա խոսքով, ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության սպաներ են և առնչություն են ունեցել Վրբետիցե գյուղի զինամթերքի պահեստում 2014 թվականին տեղի ունեցած պայթյունին: Դիվանագետներին 48 ժամ էր տրվել երկրից հեռանալու համար:
Հիշեցնենք, որ Չեխիայի իշխանությունները մեղադրել են Մոսկվային 2014 թվականին Վրբեդիցեում գտնվող զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունին մասնակից լինելու համար։
Չեխիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բոշիրովի նկատմամբ, որոնց Լոնդոնը մեղադրում է Ռուսաստանի Դաշնության Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալին թունավորելու համար։ Նրանք նար կասկածվում են զինանոցի պայթյունի համար, որոնցից բացի կասկածվում է նաև Ռուսաստանի դիվանագիտական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Ֆեդոտովը։